ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև ՆԱՏՕ-ին անդամակցելու եռակողմ մեխանիզմն այժմ իմաստ չունի, այդ պատճառով այն հետաձգվել է։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Շվեդիայի և Թուրքիայի հարաբերությունները վատացել են վերջին մի քանի օրերի ընթացքում Ստոկհոլմում տեղի ունեցած բողոքի ցույցերի և դանիական «Կոշտ կուրս» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանի կողմից շվեդական իշխանություններից ակցիա անցկացնելու թույլտվություն ստանալուց հետո Ղուրանն այրելու պատճառով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 23-ին հայտարարել էր, որ Շվեդիան չպետք է հույս ունենա, որ Թուրքիան կաջակցի ՆԱՏՕ-ին անդամակցելու նրա հայտին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև եռակողմ բանակցությունները հետաձգվել են Անկարայի պահանջով:
«Այս պայմաններում եռակողմ բանակցություններն անիմաստ են: Ո՞րն է մեխանիզմի էությունը: Այն, որ հուշագրի պայմանները ճշտորեն կատարվեն։ Բայց ներկայիս իրավիճակը դժվար թե բանակցությունների համար անհրաժեշտ առողջ մթնոլորտ ստեղծի։ Շվեդիան լուրջ քայլեր չի ձեռնարկել հուշագրի պայմանները կատարելու համար` տարբեր պատճառներ բերելով, թե իբր փոխում են օրենքները, սահմանադրությունը։ Այդ պատճառով մեխանիզմի աշխատանքն իմաստ չունի»,-հայտարարել Է Չավուշօղլուն այսօր սերբ գործընկերոջ հետ Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ։
Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին 2022 թվականի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը։ Այս պահին ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը` Հունգարիան և Թուրքիան։