Եվրոպան ավելի մոտ է դառնում. Երևանից ուղիղ չվերթով եվրոպական ևս 4 ուղղություններով կմեկնեն

Wizz Air ավիաընկերության ինքնաթիռ
Հունգարական բյուջետային ավիաընկերության` Երևանից իրականացվող ուղիղ չվերթերի թիվը հասնում է 11-ի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Երևանից ճամփորդելիս եվրոպական ևս 4 քաղաքներ հնարավոր կլինի ուղիղ չվերթով հասնել։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայանների մամուլի ծառայությունը։
Wizz Air ավիաընկերությունն ապրիլի 29-ից ուղիղ չվերթեր է սկսում Դորտմունդ - Երևան- Դորտմունդ (Գերմանիա), Սոֆիա-Երևան-Սոֆիա (Բուլղարիա) և Կատովիցե-Երևան-Կատովիցե (Լեհաստան) ուղղություններով։
Իսկ հունիսի 12-ից կմեկնարկեն ավիաընկերության ուղիղ թռիչքները Պրահա-Երևան-Պրահա (Չեխիա) ուղղությամբ։
Ավիատոմսերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարելի է այցելել wizzair.com կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Հիշեցնենք, որ հունգարական բյուջետային «Wizz Air» ավիաընկերությունը հայկական շուկա է մտել 2019 թվականին։ Առաջին չվերթերն իրականացվել են դեպի Վիեննա և Վիլնյուս։ Ներկայում ավիաընկերությունն ուղիղ չվերթեր է իրականացնում 7 ուղղություններով, ներառյալ` Լառնակա, Միլան, Հռոմ, Վենետիկ, Աբու Դաբի։