ԵՄ տեխնիկական խմբի հետ հանդիպել ենք. Գեղարքունիքի մարզպետն ասաց` ինչ հարցեր են քննարկել

Կարեն Սարգսյանը շեշտեց, որ ԵՄ դիտորդների նախորդ խմբի` ՀՀ–ում գտնվելու ընթացքում սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպել է ԵՄ տեխնիկական խմբի հետ, որի ընթացքում մի շարք հարցեր են քննարկվել։ Այս մասին Սարգսյանը լրագրողներին հայտնեց կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։
«Տեխնիկական խմբի հետ հանդիպել ենք Վայոց Ձորում։ Քննարկում եղավ, թե որ մարզում են տեղակայվելու դիտորդական խմբերը և ինչպիսի ծառայություններ են անհրաժեշտ իրենց համար, որպեսզի տեղակայվեն։ Մեր մարզում էլ են լինելու, պարեկային ծառայություն են իրականացնելու։ Սահմանի երկայնքով իրենք մոնիթորինգ են անելու»,– նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով` ԵՄ դիտորդների նախորդ խմբի` ՀՀ–ում գտնվելու ընթացքում սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։
Նշենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը ՀՀ–ում կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին։
Նրանք տեղեկություններ են հավաքելու հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, վերլուծելու են դրանք ու ուղարկելու Բրյուսել։
Առաքելությունը քաղաքացիական բնույթ է կրում և զենք չի ունենալու, հետևաբար որևէ ագրեսիայի դեպքում դիտորդներն անպաշտպան են լինելու։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ–ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության աշխատանքի առաջին 4 ամիսը կարժենա 8.1 մլն եվրո։