Բաքվի պլանը հետևյալն է. Փաշինյանը հայտնեց` Լաչինի միջանցքը երբ և ինչի համար կբացեն

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Բաքուն էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է տանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Բաքվի պլանը հետևյալն է` ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ–որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալելով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց հայրենիքը: Կառավարության նիստի մեկնարկից առաջ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բաքուն մտադիր է մի քանի օրով միջանցքը բացել` ակնկալելով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց հայրենիքը, հետո կրկին մի քանի օրով փակել։ Եվ այսպես այնքան, մինչև վերջին հայը կլքի ԼՂ-ն։ Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` եթե մինչ այս միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերվում ԼՂ հայությանն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի մտադրությունների մասին մեր ահազանգերին, հիմա այս ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով ավելի է ուժեղանում։
Նամակ եմ պատրաստում. Թովմասյանը` Բաքվի կողմից արցախցի երեխաներին հոգեբանորեն ճնշելու մասին
Փաշինյանը նշեց, որ այս առումով դեր ունեցավ հունվարի 17-ին խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ վերադարձող երեխաներին ադրբեջանցի դիմակավորված «բնապահպանների» տեսանյութը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։