Հայտնի ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արմեն Շահգելդյանը Մոսկվայում անցել է համապատասխան դասընթացներ և Pro կարգի որակավորում ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնի ֆուտբոլիստը, որն այժմ կարող է մարզել բարձրագույն խմբի թիմեր, պատմել է, որ իրեն առաջինը շնորհավորել է Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, լեգենդար Նիկիտա Սիմոնյանը։
Մարզչական Pro որակավորումը ժամանակակից ֆուտբոլում միակ հնարավորությունն է, որը թույլ է տալիս մարզել թիմերը ֆուտբոլային էլիտայում։
Արմեն Շահգելդյանը Pro կարգի որակավորման դասերին
© Photo : provided by Armen Shahgeldyan
«Շատ է ուրախացա լեգենդար Նիկիտա Սիմոնյանի շնորհավորանքից։ Նա ինձ հարցրեց, թե ինչ տարի է 2023 թվականը։ Պատասխանեցի, որ «Արարատի» պատմական հաղթանակների 50-ամյակն է այս տարի։ Փաթաթվեց ինձ, համբուրեց ու շնորհակալություն հայտնեց, որ չենք մոռանում», - պատմեց Շահգելդյանը։
Հայ մարզչին առաջիններից մեկը շնորհավորել է նաև «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Միրզոյանը, որը ներկայումս ՌՖՄ-ի (Ռուսաստանի ֆուտբոլի միություն)վետերանների միության նախագահն է։
Մոսկվայում «հայկական ձևերով» շնորհավորանքներ ստանալով` Շահգելդյանը վերադարձել է Հայաստան։ Նա լիահույս է, որ շատ շուտով կգլխավորի թիմ և կօգտագործի ստացած գիտելիքներն ու փորձը հաջողության ճանապարհին։
Նշենք, որ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես անցկացնում է մարզչական որակավորման դասընթացներ։ Սակայն Արմեն Շահգելդյանը մարզչական որակավորման դասընթացներին սկսել է մասնակցել այն ժամանակ` 2020–ին, երբ դեռ մեր երկրում դրանք չէին անցկացվում, հետո էլ որոշել է շարունակել ուսումն այնտեղ որտեղից սկսել է՝ Մոսկվայում։
Դասընթացների մեջ ներառված էին նաև եվրոպական ամենաբարձր մակարդակի հանդիպումների (Եվրոպայի առաջնություն, Չեմպիոնների լիգա, Եվրոպայի լիգա) դիտումներն ու վերլուծությունները։ Սակայն Covid 19 համավարակի պատճառով որոշ խաղերի վերլուծումը տեղ է ունեցել հեռավար կարգով։
Արմեն Շահգելդյանը Ալեքսանդր Միրզոյանի և Նիկիտա Սիմոնյանի հետ
© Photo : provided by Armen Shahgeldyan
«Այդ ամբողջ ճանապարհն անցնելը հեշտ չէր, ու, ինչպես և խաղադաշտում հաջողության հասնելու համար, այստեղ էլ համառություն ու ցանկություն էր հարկավոր», - ասաց Շահգելդյանը։
Հավելենք, որ ֆուտբոլում ներքին առաջնության բարձրագույն խմբի թիմը մարզելու համար, ՈւԵՖԱ-ի կողմից սահմանված կանոնակարգի համաձայն, յուրաքանչյուր թիմի գլխավոր մարզիչը պետք է ունենա Pro որակավորում։ Այդ նպատակով ՈւԵՖԱ-ի հովանու ներքո տարբեր երկրներում անցկացվում են համապատասխան դասընթացներ։ Pro որակավորում ստանալու համար մարզիչներն անցնում են բավականին երկար ճանապարհ` նախ ստանալով C, B, ապա A կարգի որակավորում։