Այրվածքներ ստացած զինվորներից մեկի մոտ առողջական վիճակի ծանրացում ունեինք. նախարար

Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ այս պահին բուժում ստացող բոլոր 3 զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Գեղարքունիքում ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով Այրվածքաբանական ազգային ինստիտուտում բուժում ստացող 3 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Երեք զինծառայողներից մեկի առողջական վիճակի հետ կապված` 2 օր առաջ մի փոքր ծանրացում ունեինք։ Սակայն կոնսիլիում հրավիրվեց և դրա արդյունքում բուժման մեջ փոփոխություններ մտցնելով` վիճակը կայունացավ։ Այս պահին բոլորի վիճակը գնահատվում է բավարար»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` զինվորները դեռ անհրաժեշտ ծավալով օգնություն են ստանում և հույս ունեն, որ բոլորն առողջացումով տուն կգնան։
Ավանեսյանը հայտնեց, որ գիշերն է վերադարձել գործուղումից և հենց այսօր էլ պատրաստվում է Այրվածքաբանմական այցելել և տեսակցել նրանց։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Ձերբակալվել է ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։