ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն չի մեկնաբանում, թե Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհից հետո որտեղ են հայտնաբերվել մահացած 15 զինվորներից 14-ի մարմինները։
«Այդ ամենը նախաքննական գաղտնիք պարունակող տվյալներ են։ Սրանք հանգամանքներ են, որոնք այս պահի դրությամբ քննության առարկա են և ամենաառանցքայինն են։ Այս պահին չեմ շտապի այդ մասին տեղեկություն փոխանցել։ Քննությունը կկատարվի և որոշակի փուլում, երբ հանգամանքներ կպարզվեն, այդ ժամանակ ՔԿ–ն պարզաբանումներ կտա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նրա խոսքով` փորձաքննություններ են նշանակված զինծառայողների մահվան հանգամանքների մասով, և, առհասարակ, բոլոր հանգամանքները փորձաքննության առարկա են դառնում։
Նշենք, որ հունվարի 20-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ հրդեհի հետևանքով մահացած զինծառայողները հայտնաբերվել են մահճակալներին պառկած վիճակում։
Sputnik Արմենիան դրանից հետո դիմել էր Այրվածքաբանության ազգային կենտրոն` տուժած զինծառայողների հետ հարցազրույց անելու համար, սակայն կենտրոնից մերժել էին` ասելով, որ ոչ ոքի չի թույլատրվում մուտք գործել տուժած զինծառայողների մոտ։
Համացանցում, սակայն, երեկվանից լայն տարածում է ստացել Factor.am–ի հարցազրույցը տուժած զինծառայողներից մեկի հետ։ Մեր տեղեկություններով` լրագրողը կենտրոն մուտք է գործել նույն շենքում գտնվող «Մեդլայն կլինիկ» ԲԿ–ի մուտքով։
Հարցազրույցում զինծառայողը հերքում է գնդապետ Սարոյանի հայտնած ըստ էության պաշտոնական տեղեկությունը։
Նա պատմում է, որ քնած է եղել ու ձայներից է արթնացել։ Ողջ ընթացքում, երբ փորձել են փրկվել, բոլորը վազել են ու չի հիշում, որ այդ պահին որևէ մեկին պառկած տեսած լինի։
Հավելենք, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնում է գտնվում է 3 զինծառայող։ Նրանցից 1-ը սպան է, որը, ըստ պաշտոնական վարկածի, 5–լիտրանոց տարայով բենզինը լցրել է վառարանի մեջ, ինչից էլ կացարանում հրդեհ է բռնկվել։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։