Մեկ տարում Հայաստանում 2.443 անվճար ստենտ է տեղադրվել Stent for Life ծրագրի շրջանակում

Ստենտի տեղադրման վիրահատություն
Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում Հայաստանում գրանցված մահվան դեպքերի կեսը պայմանավորված է արյան շրջանառության համակարգի հիվանդություններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) ծառայությունների շրջանակներում 2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը մատուցվել է 2.443 ծառայություն, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ծրագիրը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում ապահովում է դեղապատ ստենտի տեղադրումն` անվճար, իսկ աորտա-կորոնար շունտավորումը` արտոնյալ պայմաններով:
Սրտի անհետաձգելի վիրահատությունների կազմակերպումն իրականացվում է իշեմիայի ախտանիշների կլինիկական դրսևորումից 12 ժամվա ընթացքում` ներառյալ ախտորոշումը ճշտելու և պացիենտին բժշկական հաստատություն տեղափոխելու ժամանակահատվածը:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի 13 բժշկական հաստատություններում։
Stent for life՝ կյանքեր փրկող ծրագիրը իրականացվում է 2015 թվականից: Ծրագիրը ավելի ընդլայնվել է 2018-2019 թվականների ընթացքում ու կրում է շարունակական բնույթ:
Հիշեցնենք, որ Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում Հայաստանում գրանցված մահվան դեպքերի կեսը պայմանավորված է արյան շրջանառության համակարգի հիվանդություններով։ 1990 թվականին այդ հիվանդություններից մահացել է 10 843 մարդ, 2021 թվականին այդ ցուցանիշն աճել է ավելի քան 50 տոկոսով՝ մեկ տարվա ընթացքում գրանցվել է 16 589 մահ։ Դրանցից առաջատար են սրտի իշեմիկ հիվանդության և սրտանոթային համակարգի այլ հիվանդությունների հետևանքով առաջացած մահերը։
1990 թվականին սուր ինֆարկտից մահացել է 1916, 2021 թվականին՝ 1354 մարդ։ Զարկերակային գերճնշման հետևանքով առաջացած բարդություններից 2021 թվականին մահացել է 1003 մարդ, այն դեպքում, երբ 1990 թվականին այդ ցուցանիշը 2014 էր։