Դժվար է մարզել դստերը. ինչպես է Վազգեն Ազրոյանը հայ գեղասահորդներին նախապատրաստում ԵԱ–ին

Վազգեն Ազրոյանը դստեր և Արթուր Գրուզդևի հետ
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող գեղասահորդները սահադաշտ դուրս կգան հունվարի 27-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում հնչում է ֆրանսիական հիթի «քավր» տարբերակը, և սահադաշտ են դուրս գալիս Վիկտորյա Ազրոյանն ու Արթուր Գրուդևը, որոնք մշակում են պահումներն ու այլ էլեմենտներ։ Հենց այս զույգն է Հայաստանը ներկայացնելու գեղասահքի Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվելու է Էսպոոյում (Ֆինլանդիա) հունվարի 25-29-ը։
Արթուր Գրուզդևն ու Վիկտորյա Ազրոյանը
Մարզիչը` Վազգեն Ազրոյանը, որը նաև Վիկտորյայի հայրն է, վերջին շտկումներն է անում պարային համարում, հղկում սաների շարժումները, բայց դա անում է շատ նրբանկատորեն, առանց ավելորդ հույզերի։ Նա խոստովանում է, որ հարազատ դստերը մարզելն այնքան էլ հեշտ չէ. Ազրոյան հայրը հաճախ է հակասություններ ունենում Ազրոյան մարզչի հետ։
Վազգեն Ազրոյան
«Մենք հարմարվում էինք իրար որպես մարզիչ և սան ու կարողացանք հաղթահարել դժվարությունները։ Չի կարելի ասել, որ իմ մեթոդը կոշտ է, ես` որպես հայր, ընդհանրապես մեղմ եմ։ Մարզչի աշխատանքում ավելի շատ փորձում եմ բացատրել, կարծում եմ` գոռալով ոչնչի չես հասնի», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց նա։
Ի դեպ, Վիկտորյան ինքն է ցանկացել զբաղվել գեղասահքով ու սահադաշտ է դուրս եկել որպես մենասահորդ։ Բայց քանի որ բավական ուշ է սկսել սահել, հոր մյուս սաները նրանից առաջ են անցել։ Աղջկան դա նյարդայնացրել է, և հայրն առաջարկել է հանդես գալ զույգով։ Ավելի ուշ հայր ու դուստր հասկացել են, որ դա շատ ճիշտ որոշում էր, և նրա համար զուգընկեր են գտել` Ալեքսանդր Սիրոշտանին։ Հետո նրա զույգը դարձել է Արթուր Գրուզդևը, որի հետ Վիկտորյան սահում է արդեն երեք տարի։
Վիկտորյա Ազրոյան
«Ես հպարտանում եմ, որ Վիկտորյան և Արթուրը ներկայացնում են Հայաստանը, չէ՞ որ մենք հայ ենք։ Ինքս էլ հանդես եմ եկել Հայաստանի անունից և ուզում եմ իմ ներդրումն ունենալ այստեղ գեղասահքը զարգացնելու գործում», – ասաց Ազրոյանը։
Մարզիչն Արթուրին բարձրակարգ գեղասահորդ է համարում և ուրախ է, որ դուստրը ցանկացել է ելույթ ունենալ հենց նրա հետ։ Իսկ այսօր Ազրոյանը կրկնակի ուրախ է, որովհետև Վիկտորյան և Արթուրը հանդես են գալու հայկական դրոշի ներքո, ինչպես Վազգեն Ազրոյանը` ոչ հեռավոր անցյալում (նա Հայաստանը ներկայացնում էր Անաստասիա Գրեբյոնկինայի հետ. խմբ.)։
Արթուր Գրուզդև
«Եթե նրանք լավ հանդես գան Եվրոպայի առաջնությանը, դա արժանի արդյունք կլինի։ Հասկանում եմ, որ Հայաստանը մրցավարների շարքում ներկայացուցիչ չունի, բայց եվրոպացի և ամերիկացի մասնագետները դրական են խոսում նրանց մասին», – ասաց գեղասահորդը։
Նա նշեց, որ այս անգամ զույգին չի ուղեկցելու, հեռարձակումը ևս չի դիտելու սնահավատության պատճառով։ Եվրոպայի առաջնության ժամանակ Վազգեն Ազրոյանը մտադիր է իր գործերով զբաղվել Հայաստանում։ Նա վստահ է, որ հայերն ու գեղասահքը անհամատեղելի չեն և որևէ խոչընդոտ չկա Հայաստանում այդ մարզաձևը հանրահռչակելու համար։ Հենց դրանով է նա զբաղվելու։ Ազրոյանը համոզված է` պրոֆեսիոնալ և գրագետ մոտեցման դեպքում գեղասահքը Հայաստանում կդադարի էկզոտիկա լինել։ Եվ դրան կարելի է հասնել Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի հենքի վրա։ Ինչ վերաբերում է իր մասնակցությանը, Ազրոյանի խոսքով` որոշումը վաղուց էր հասունանում, բայց իր տեղափոխումը ձգձգվում էր մի շարք պատճառներով։
1 / 6

Արթուր Գրուզդևն ու Վիկտորյա Ազրոյանը

2 / 6

Արթուր Գրուզդևն ու Վիկտորյա Ազրոյանը

3 / 6

Արթուր Գրուզդևն ու Վիկտորյա Ազրոյանը

4 / 6

Արթուր Գրուզդևն ու Վիկտորյա Ազրոյանը

5 / 6

Արթուր Գրուզդևն ու Վիկտորյա Ազրոյանը

6 / 6

Արթուր Գրուզդևն ու Վիկտորյա Ազրոյանը

«Շատ հաճելի է, որ ինձ օրինակ են բերում որպես հայ հաջողակ գեղասահորդ։ Հույս ունեմ, որ աղջիկս և Արթուրը ինձնից հաջողակ կլինեն, նրանք իսկապես ավելի մեծ հեռանկարներ ունեն, քան ես և Անաստասիան ունեինք», – նշեց գեղասահորդը։
Վազգեն Ազրոյանը մինչ օրս ընկերական հարաբերություններ է պահպանում Անաստասիա Գրեբյոնկինայի հետ։ Ու թեև նրանք հաճախ չեն հանդիպում, սակայն ժամանակ առ ժամանակ զանգահարում են միմյանց, շնորհավորում տոները։ Նրանք մտածում են նաև սահադաշտ վերադառնալու մասին։ Չի բացառվում, որ Վազգենն ու Անաստասիան կրկին հագնեն չմուշկները, ընդ որում` Հայաստանում։
Ռեկորդային հաղթանակներ, բացառիկ ու աննախադեպ թվով մեդալներ. 2022-ի մարզական ամփոփումը