Դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման ուղղությամբ մեծ առաջընթաց կա. նախարարը` դեսպանին

Անն Լույոն ու Ժաննա Անդրեասյանը
Լույոն ներկայացրել է ՀՀ–ում ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման նոր համատեղ ծրագրի մանրամասները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Բավականին մեծ առաջընթաց կա ՀՀ հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագրի իրականացման ուղղությամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին և քննարկել այս և մի շարք այլ թեմաներ։ Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։
«Համագործակցության նպատակն է ՀՀ ավագ դպրոցներում խթանել ֆրանսերեն լեզվի և գրականության խորացված ուսուցումը ու ֆրանկոֆոն լրացուցիչ ծրագրի ներդրումն ու իրականացումը՝ ի հավելումն հանրակրթական հիմնական ծրագրի: Ըստ Անդրեասյանի՝ ծրագրի շրջանակում հստակեցված են բոլոր հիմնական սկզբունքները. ակնկալվում է, որ առաջիկայում կհստակեցվի նաև նոր դպրոցի կամ դպրոցների ցանկը՝ նշյալ ծրագրում ներառելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ Լույոն ներկայացրել է Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման նոր համատեղ ծրագրի մանրամասները, որի շրջանակում, ըստ դեսպանի, անհրաժեշտ է նախևառաջ իրականացնել տվյալների քարտեզագրում: Նախարարը կարևորել է ուսուցիչների կարողությունների շարունակական զարգացումը՝ այդ թվում որպես օրինակ բերելով կամավոր ատեստավորման գործընթացի արդյունքները:
Անդրեասյանն անդրադարձել է նաև Լաչինի շրջափակման թեմային` հույս հայտնելով, որ համատեղ ջանքերը կբերեն Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի արագ հանգուցալուծմանը: Անն Լույոն իր հերթին նշել է, որ Ֆրանսիան մեծ ներգրավվածություն և հանձնառություն ունի՝ շարունակելու իր աջակցությունը ստեղծված հումանիտար ճգնաժամի հանգուցալուծման գործում:
Հայաստանում ուսուցչի 258 թափուր հաստիք կա. ինչպե՞ս են ուզում լրացնել այդ տեղերը