Բողոքող քաղաքացիներն ու ԶՊՄԿ–ի ներկայացուցիչները հանդիպել են Քաջարանի քաղաքապետարանում

ԶՊՄԿ բացահանքը. Արխիվային լուսանկար
Կողմերն ընդունել են համայնքի ղեկավարության առաջարկը, և քննարկումն ընթացքի մեջ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Քաջարանի քաղաքապետարանը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» դեմ բողոքող քաջարանցիներին ու կոմբինատի ղեկավարությանն առաջարկել բանակցությունները վարել քաղաքապետարանի շենքում։
Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնում է, որ կողմերն ընդունել են համայնքի ղեկավարության առաջարկը։ Ներկա պահին քաղաքացիների ու կոմբինատի ներկայացուցիչների քննարկումը Քաջարանի քաղաքապետարանի շենքում ընթացքի մեջ է։
Արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ։
Հիշեցնենք` այսօր առավոտյան 7.30-ից մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի ցույց էին կազմակերպել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական շենքի առաջ։ Ցուցարարները փակել էին կոմբինատ տանող ճանապարհը։
Բողոքի ակցիայի մասնակիցները կոմբինատի ղեկավարությունից պահանջում էին փոխհատուցել իրենց առողջական վնասները, ինչպես նաև վերականգնել 2021թ. աշխատանքից ազատված քաջարանցիներին` հայտարարելով, որ դրանք եղել են քաղաքական հայացքներով պայմանավորված կրճատումներ։
ԶՊՄԿ արհկոմի նախագահ Տիգրան Սարգսյանը ակցիայի մասնակիցներին առաջարկել էր 5-հոգանոց պատվիրակություն կազմել և հանդիպել կոմբինատի տնօրինության հետ։
Քաղաքացիները, սակայն, մերժել էին` պահանջելով, որ կոմբինատի ղեկավարներն իրենք դուրս գան ու լսեն իրենց պահանջները։