Տղաներին քնեցրել են. հրդեհից մահացած զինվորի ծնողները չեն հավատում բենզինի վարկածին. ԶԼՄ

Այրված կացարանը
Հրդեհի հետևանքով մահացած Ռոստոմ Ասրյանի ծնողները եղել են զինծառայողների կացարանում, նրանք համոզված են, որ տղաներին թունավորել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած Ռոստոմ Ասրյանի ծնողները չեն հավատում տղաների մահվան պաշտոնական վարկածին։ «Հրապարակը» զրուցել է Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջի ուսանող, Հոբարձ գյուղի բնակիչ Ռոստոմ Ասրյանի ծնողների հետ (Ռոստոմին երեկ են հուղարկավորել)։
Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել էր, որ հունվարի 19-ին ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի ժամանակ ներսում եղել է 21 հոգի, որոնցից 14-ին հայտնաբերել են մահճակալներին պառկած։
Ռոստոմի հայրը` Արտակը, թերթին պատմել է, որ դաջվածքներից է ճանաչել որդուն, ԴՆԹ փորձանմուշ է հանձնել, ինչպես կարգն է պահանջում։
«Հինգ դաջվածքից չորսը երևում էին։ Եթե դաջվածքները չլինեին, չէի ճանաչի։ Երեխեն անճանաչելի էր։ Նրանք քնած են եղել։ Տեղից վեր չեն կացել։ Նրանց քնած տեղն են վերացրել։ Իրենց թունավորել են, իրենք մահացած են եղել, նոր բենզինը լցրել են»,– նշել է նա։
Իսկ Ռոստոմի մայրը` Վարդ Ասրյանը, ասել է, որ իրենք էլ են կարծում, որ երեխաները քնած են եղել, բայց չեն հավատում բենզին լցնելու վարկածին. «Մենք ապրում ենք գյուղում։ Ձեզ մի հասարակ բան ասեմ։ Եթե վառարանն օրվա մեջ վառվում, երեկոյան հանգում է, մոխիրը մի քիչ առաջ ես բերում, մի երկու թուղթ ու փայտ ես դնում, թեկուզ բարակ, հնարավոր չէ, որ դա չկպնի։ Բենզինով ոչ ոք փեչ չի վառում, էն էլ 5 լիտրանոց բալոնով։ Բոլորը գիտեն, որ դա կյանքի համար վտանգավոր է, իսկ նա հասուն տղամարդ է եղել, սպա»։
Վարդ Ասրյանը պատմել է, որ իր որդին «սապոգները հագին» պառկած է եղել. «Փեչը վառվեց, պատուհանները, որոնք այդ սենյակում շատ էին, կոտրեցին, կապիտանը գոռում է` ինչ կարգի անջատված պետք է լինես, որ քնած տեղից չարթնանաս։ Մեր երեխաներին անջատել են, ուղղակի քնեցրել են։ Մեկը մյուսին ձեն կտար, մեկը շորը կհաներ, կգցեր կրակին։ Ո՞նց կարող են 15-18 հոգով, առողջ, ջահել տղամարդիկ այդ տան մեջ քնած մնան»։
Նա նշել է, որ իր որդին զզվում էր «սապոգներից», ասում էր՝ ոտքերս ցավեցնում են, հոգնեցնում, աշխատում էր հնարավորինս քիչ դրանք հագնել։
Որդու հետ վերջին անգամ նա խոսել է ողբերգության երեկոյան` ժամը 10-ին։
Ռոստոմ Ասրյանը զորամասում ավտոմեքենաներ նորոգող է եղել։ Նույնիսկ ընթացքում խորհրդակցել է հոր հետ, թե ինչպես նորոգի այս կամ այն մեքենան։ Ընտանիքն ամուր կապ է պահել որդու հետ։ Ծառայության մեկ տարում 8-10 անգամ գնացել են որդու ծառայության վայր ու տեսել 2 սենյակներով, նախասրահով տունը։
Ռոստոմի մայրն ասել է․ «Հին տուն էր, ջուրն ու զուգարանը՝ դրսում։ Հիգիենան բացառվում էր։ Իրենք իրենց համար ճաշ էին եփում։ Ես աշնանն եմ գնացել, չեմ հիշում, թե վառարանը որտեղ էր դրված, այո՛, կարծեմ, դռան մոտ էր։ Փայտից հին տուն էր։ Եթե ուսով էլ բրթեիր, մի բան կջարդվեր։ Կարող է` ես մենակ չկարողանայի դուռը կոտրել, բայց մի քանի հոգով կկարողանային հաստատ։ Կամ ջուրը՝ դուռը բացում ես, երկու մետր այն կողմ կռանթն է»։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։