Ստամբուլի հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել. 2 զոհ կա

Տուժածին շտապօգնության մեքենա են տեղափոխում
Հրդեհի բռնկումից հետո 2 հոգու տարհանել են հասարակ քաղաքացիները, իսկ 2-ին հրշեջների օգնությամբ են տեղափոխել հիվանդանոց։
Sputnik
Ստամբուլի Բեյօղլու շրջանի Քարաքոյ թաղամասում Սուրբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցու բնակելի հատվածում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 2 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Թուրքիան։
Բեյօղլու շրջանի վարչական ղեկավար Մուստաֆա Դեմիրելին և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանը մեկնել են դեպքի վայր և տեղեկություններ ստացել իրականացվող աշխատանքների մասին։
Դեմիրելին լրագրողների հետ զրույցում ասել է, որ հրդեհի պատճառներն անհայտ են։
«Հրդեհի բռնկումից հետո մեր քաղաքացիներից 2-ը տարհանվել են տեղի ուժերով, իսկ 2-ը հրշեջների օգնությամբ տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանք տուժել են ծխից, սակայն վիճակը գնահատվում է բավարար»,– ասել է նա։
Դեմիրելին նշել է, որ սկզբում եկեղեցու սպասավորներից ստացած տեղեկությունների համաձայն` 2 հոգուց լուր չի եղել, նրանց մահացած վիճակում հայտնաբերել են հովացման աշխատանքներից հետո։