Սեպտեմբերյան ագրեսիայի գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի, 6-ը կալանավորված են. ՔԿ

Պերճ Այվազյան
Տուժող են ճանաչվել և հարցաքննվել 600-ից ավելի անձինք, այդ թվում` զոհվածների մերձավոր հարազատները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Սեպտեմբերյան ագրեսիայի գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի, նրանցից 6-ը կալանավորված են։ Հանրային հեռուստաընկերության եթերում տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետ Պերճ Այվազյանը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հունվարի 4-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել էր, որ սեպտեմբերյան ագրեսիայի գործով 11 մեղադրյալ կա, մեծ մասը կալանավորված է (թիվ չէր նշել)։

«Նշված քրեական վարույթներից 6-ը արդեն իսկ ավարտվել են, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, մյուսներով նախաքննությունը շարունակվում է»,- ասել է Այվազյանը։

Ըստ նրա` մեղադրանքները հիմնականում առնչվում են մարտի ընթացքում ծառայողական պարտականությունները չկատարելուն, ծառայությունից խուսափելու նպատակով ժամանակին ծառայության վայր չներկայանալուն, մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելուն։
Տուժող են ճանաչվել և հարցաքննվել 600-ից ավելի անձինք, այդ թվում` զոհվածների մերձավոր հարազատները, հարցաքննվել են 1500-ից ավելի վկաներ։
Քրեական վարույթի շրջանակում նշանակվել է 7 տասնյակից ավելի փորձաքննություն, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի 12 համայնքներում զննվել են ավելի քան 100 դեպքի վայրեր:
Այվազյանը հայտնել է նաև, որ քննությամբ ձեռք բերված տվյալներով և պաշտպանության նախարարության տրամադրած տվյալներով` սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը հասնում է 224–ի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են:
Այս պահի դրությամբ անհայտ է համարվում 3 զինծառայողի գտնվելու վայրը:
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։