ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի հետ քննարկել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ընդլայնման, թողունակության ավելացման վերաբերյալ հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հանդիպումը «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի հետ
Նախարարը նշել է, որ առաջիկայում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ կստեղծվի, որի շրջանակում կքննարկվեն ներդրումային ծրագրի մանրամասները։
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հանդիպումը «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի հետ
Մարտին Էռնեկյանը նշել է, որ պատրաստակամ են բաց աշխատել աշխատանքային խմբի շրջանակներում։
«Սա պատմական պահ է, որը կարող է մեծ հետք թողնել Հայաստանի ապագայի վրա»,-ասել է Էռնեկյանը։
Նախարարը կարևորել է առկա համագործակցությունն ու ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն առավել զարգացնելու և ներդրումներն ընդլայնելու պատրաստակամությունը՝ ընդգծելով ծրագրի շրջանակներում հեռանկարային լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, քանի որ այդ աշխատանքներն ապագայի համար են։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանը։