Մինասյանը ՆԳՆ–ի և Պարեկային ծառայության համար շնորհակալություն է հայտնել Լեյթինենին

Գրիգոր Մինասյանն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է հակակոռուպցիոն և իրավապահ ոլորտների բարեփոխման վերաբերյալ հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտում իրականացվող դատաիրավական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացված աշխատանքներն ու շնորհակալություն հայտնել ՀՀ ներքին գործերի նախարարության և Պարեկային ծառայության կայացման գործում ԱՄՆ-ի ցուցաբերած ջանքերի համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախարար Մինասյանն ընդունել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենի գլխավորած պատվիրակությանը:
Լեյթինենը կարևորել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու աջակցության պատրաստակամություն հայտնել:
«Երկուստեք կարևորվել են 2022 թվականին ԱՄՆ-ում ստորագրված՝ արդարադատության ոլորտին վերաբերող երկու համատեղ գործողությունների ծրագրերը, որոնք միտված են հակակոռուպցիոն և իրավապահ ոլորտների բարեփոխմանը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Մինասյանն ու Լեյթինենին համոզմունք են հայտնել համագործակցության շարունակականության համար և նախանշել երկուստեք կարևորություն ներկայացնող առաջնահերթությունները:
Ուզում եմ մաղթել և հրամայել, որ ձեր ձեռքը կաշառքի չկպչի. Փաշինյանը` Տավուշի պարեկներին