ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կատարի Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասան բին Աբդուլա ալ-Ղանիմին, հայտնում են ԱԺ-ի լրատվականից։
Նշենք, որ Սիմոնյանը աշխատանքային եռօրյա այցով գտնվում է Կատարի Պետությունում։
«Համոզված եմ` հայ-կատարական համագործակցությունը զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ունի, և ես` որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը` ի շահ մեր եղբայր ժողովուրդների»,- ասել է նա։
Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության կարևորությանը` կողմերը փաստել են այդ հարցում պատգամավորական բարեկամական խմբերի դերն ու աշխատանքը:
Ալեն Սիմոնյանն կատարցի իր գործընկերոջը մանրամասներ է ներկայացրել հետպատերազմյան իրավիճակից և Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի նկրտումներից:
Մաջլիս ալ-Շուրայի նախագահն իր հերթին անդրադարձել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությանը: Արաբ գործընկերն անդրադարձել է նաև աշխարհում տեղի ունեցող տարաբնույթ պատերազմներին` նշելով, որ իրենց համար անընդունելի են կրոնական և ռասայական խտրականության, ագրեսիայի հիմքով մղվող պատերազմները:
Մտքեր են փոխանակվել նաև տնտեսական համագործակցության շուրջ: