Կալիֆոռնիայում հրաձգություն է տեղի ունեցել. 7 մարդ մահացել է

Կալիֆոռնիա. ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Իրավապահները բերման են ենթարկել 67-ամյա կասկածյալին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքից հարավ գտնվող Հալֆ Մուն Բեյ քաղաքի ֆերմայում հրաձգություն է տեղի ունեցել. միջադեպի հետևանքով կա 7 զոհ։ Տեղեկությունը հայտնում է Associated press-ը։
Նշվում է, որ մահացածները ֆերմայի չինացի աշխատողներ են եղել։ Պարբերականը տեղեկացնում է` հարձակվողը կրակ է բացել՝ սպանելով 4 մարդու, ապա փախուստի է դիմել։ Քիչ անց ենթադրյալ հանցագործը վերադարձել է և սպանել ևս 3 մարդու։
Սան Մատեո շրջանի շերիֆ Քրիստինա Կորպուսը հայտնել է, որ իրենք բերման են ենթարկել 67-ամյա կասկածյալ Չունլի Չժաոյին, որին հայտնաբերել են իր մեքենայում։
«Los Angeles Times» թերթը հունվրաի 23-ին հայտնել էր, որ Կալիֆոռնիայի Մոնտերեյ Պարկի «Lai Lai» պարային ստուդիայում Հու Կան Տրանը սպանել է 10 մարդու։ Լո Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան հայտնել էր, որ կասկածյալը հեռացել է սպիտակ ֆուրգոնով, որն ավելի ուշ հայտնաբերվել է Տորանս քաղաքում։ Ֆուրգոնի ներսում հայտնաբերվել է կրակողի մարմինը։
Համաձայն Associated Press-ի, USA Today-ի և հյուսիսարևելյան համալսարանի հավաքած տվյալների` 2023 թվականի սկզբից ի վեր սա Կալիֆոռնիայում տեղի ունեցած 3-րդ սպանությունն է։ Ընդհանուր առմամբ մահացել է 39 մարդ։