Հունվարի 1-ից բուժաշխատողները, որոնք շարունակական մասնագիտական զարգացումը հավաստող փաստաթուղթ չունեն, այլևս աշխատելու իրավունք էլ չունեն։ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում կատարված փոփոխություններով ՀՀ–ում ներդրվել է բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային մոդելը:
Հայաստանում գործող շուրջ 40 000 բուժաշխատողից մասնագիտությամբ աշխատելու հավաստագիր է ստացել 27 000-ը: Բացի այդ, 3000 բուժաշխատող էլ դիմել է Առողջապահության ազգային ինստիտուտ հավաստագրման գործընթացով անցնելու համար։ Այսինքն` 10 000 բուժաշխատող այս պահին չունի հավաստագիր, և թե ինչ է լինելու նրանց ճակատագիրը, պարզ չէ։ Sputnik Արմենիան զրուցել է ոլորտի մասնագետների հետ կրեդիտավորման գործընթացի մասին ամբողջական պատկերացում ստանալու համար։
Կրեդիտների ձեռքբերման 3 տարբերակ
© Sputnik / Shushanik Avdalyan
Արդեն իսկ աշխատանքը կորցնողներ կան
Բժիշկ–ստոմատոլոգ, նախկին պայմանագրային զինծառայող-սպա Գոռ Բաբաջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց` հունվարի 1-ից դադարել է բժիշկ լինել անկախ իր գիտելիքներից ու 8 տարվա փորձից. դադարել է, քանի որ չունի «այդ թղթի կտորը»` հավաստագիրը։
«Խնդիրն այն է, որ բարձր վարձատրվող դատախազը կամ դատավորը անվճար են վերապատրաստվում, նույնը նաև ուսուցիչների ու պայմանագրային զինծառայողների մասին կարող եմ ասել։ Սակայն բժիշկների համար վճարովի են վերապատրաստումները, և միայն Առողջապահության ազգային ինստիտուտն ունի անվճար վերապատրաստման կուրս, որի միջոցով 26 կրեդիտ կարող ես հավաքել։ Իսկ ընդհանրապես միջինում 100 կրեդիտ հավաքելու համար 100 000 դրամ է պետք։ Ես հավաստագիր ստանալու համար 5 տարվա մեջ պետք է 220 կրեդիտ հավաքած լինեի»,–ասաց Բաբաջանյանը։
Նրա խոսքով` վճարովի վերապատրաստումները մասնագետներին ոչինչ չեն տալիս` նույն բուհում անցածն է մատուցվում։ Դա, Բաբաջանյանի մեկնաբանմամբ, ուղղակի ռեկետի ձև է։ Չնայած կան վերապատրաստումներ, որոնք շատ օգտակար են, սակայն դրանք բավական թանկ արժեն` 16 կրեդիտը 80 000 դրամ արժի։ Միաժամանակ, նա նշում է, որ բուժաշխատողներին, որոնք ունեն հավաքած 70 կրետիդ, հնարավորություն է տրվում թեստերի միջոցով քննություն հանձնել և հավաստագիր ստանալ։ Բաբաջանյանը կարծում է, որ պետք է բոլորին հնարավորություն տան կրետիդներ հավաքելուց բացի, նաև միայն քննության միջոցով ստանալ հավաստագիր։
Բաբաջանյանը խնդրի առնչությամբ դիմել է ՄԻՊ–ին, կառավարությանը, ինչպես նաև ստորագրահավաք է սկսել` պահանջելով օրենքը վերանայել, անվճար վերապատրաստման հնարավորություններ և հարցաշարերով քննությամբ հավաստագրման հնարավորություն տալ։
Կրեդիտների ձեռքբերման 3 տարբերակ
© Sputnik / Shushanik Avdalyan
Կրեդիտներ հավաքելը գլխացավանք չէ՞
Մի մանկաբարձ, որը սակայն չցանկացավ ներկայանալ, բոլորովին այլ բան է պնդում` ասելով, որ 5 տարվա ընթացքում ամենևին էլ դժվար չի եղել կրեդիտներ հավաքել։
«Բավական ժամանակ ունեինք, որպեսզի կրեդիտները հավաքեինք։ Այսինքն` եթե մի տարվա մեջ 1-2 վերապատրաստման գնանք, արդեն 5 տարի հետո անհրաժեշտ կրեդիտները պատրաստ կլինեին։ Ես ինքս անցել եմ ինքնակրթում, դասընթացների մասնակցել ու փաստաթղթերս 140 կրեդիտների հետ ներկայացնելով` մեկ ամսվա ընթացքում ստացել եմ հավաստագիր»,–ասում է մանկաբարձը։
Նա չի թաքցնում, որ նաև վճարովի վերապրաստումների է մասնակցել, իսկ անվճարների շարքում են եղել նաև իր բուժհաստատության կազմակերպածը: Մանկաբարձը նշում է` 25 կրեդիտ պարունակող վերապատրաստման համար 10 000 դրամ է տվել, ինչը մեծ թիվ չէ մեկ տարվա մեջ ծախսելու համար։ Ինչ վերաբերում է դասընթացին, ապա նա վստահեցնում է, թե այն նաև բավական օգտակար է եղել` նոր գիտելիքներ է ձեռք բերել, ավելի հմտացել իր գործում։
Հավաստագրման գործընթացը շարունակվում է
Միաժամանակ, ԱԱԻ մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Լիլիթ Հարությունյանը հայտնում է` հավաստագրման գործընթացը շարունակական պրոցես է, քանի որ հավաստագիր տալիս են 5 տարի ժամկետով։
«Բուժաշխատողները, որոնք դիմել են մինչև հունվարի 1-ը և իրենց հավաստագրումն ընթացքի մեջ է, նրանց տեղեկանք է տրվել` մինչև հավաստագրերը պատրաստ կլինեն։ Այն բուժաշխատողները, որոնք դեռ չեն դիմել հավաստագրման համար, ապա իրենք են կրում դրա պատասխանատվությունը իրենց գործատուների հետ»,–ասում է Հարությունյանը։
Ի դեպ, տվյալներ չկան, թե քանիսն են ազատվել աշխատանքից` սահմանված պահանջները չբավարարելու պատճառով։
Ինչ վերաբերում է անվճար կամ վճարովի կազմակերպվող վերապատրաստումներին, ապա Հարությունյանը հայտնում է` ԱԱԻ–ն ունի անվճար նյութեր, և գուցե այլ կազմակերպություններ նույնպես ունեն անվճար վերապատրաստման հնարավորություն։ Բացի այդ, նա նշում է, որ 2016-ից մինչև 2022-ը բավական երկար ժամանակահատված է եղել աստիճանաբար կրեդիտներ կուտակելու համար։
Անդրադառնոլվ միայն քննության միջոցով հավաստագրի տրամադրման հարցին՝ մասնագետը նշում է` գոյություն ունի օրենք, որն էլ սահմանում է, որ հավաստագիրը տրվում է կամ կրեդիտներ հավաքելով, կամ էլ 70 տոկոս կրեդիտներ ունենալու դեպքում՝ թեստավորում անցնելու միջոցով։ Միաժամանակ, Հարությունյանը նշում է, որ թեստավորման հիմնականում դիմում են այն բուժաշխատողները, որոնց աշխատանքային ստաժը 3 տարուց քիչ է` գրեթե բոլոր բուժաշխատողները ապահովում են կրեդիտների առնվազն նվազագույն քանակը:
Ոլորտում ստուգումները սարերի ետևում չեն
Հավելենք, որ ոլորտում վերահսկողություն պետք է իրականացնի աշխատանքի և առողջապահական տեսչական մարմինը: Այնտեղից մեզ հայտնեցին` սովորաբար ստուգումները նախատեսված են 3-րդ և 4-րդ եռամսյակում, սակայն եթե լինեն բողոքներ, վարչական վարույթի ձևով տեսչական մարմնի աշխատակիցները կզբաղվեն դրանցով։ Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնից վստահեցնում են` մինչ այժմ բողոքներ չեն եղել հավաստագիր չունեցող բուժաշխատողի` աշխատանքը շարունակելու հարցով։
Ի դեպ, հավաստագիր չունեցող բուժաշխատողների հետ գործատուն պետք է խզի աշխատանքային հարաբերությունները։ Հակառակ պարագայում գործատուն կարող է տուգանվել 300 000 դրամի չափով։ Նույն խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում տուգանքը կկազմի 600 000 դրամ։