Հայաստանում ընձառյուծը կրկին ֆոտոթակարդն է ընկել

Ընձառյուծը ներառված է ՀՀ Կարմիր գրքում որպես «կրիտիկական վիճակում գտնվող» տեսակ։
Sputnik
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) տարածքի ֆոտոթակարդները նկարահանել են զբոսանքի դուրս եկած ընձառյուծին: Տեսանյութը հրապարակվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։
«Երկարամյա աշխատանքի արդյունքում վերջին տարիներին կենդանու ներկայությունը և բնակությունը երկրի տարածքում անհամեմատ ավելի հաճախ է արձանագրվում, սակայն տեսակի պահպանությունը հանրապետության և էկոտարածաշրջանի համար շարունակում է մնալ կարևոր բնապահպանական խնդիրներից մեկը»,– գրված է տեսանյութին կից։
WWF-Հայաստանը հիշեցնում է, որ ներկայումս ընձառյուծը ներառված է ՀՀ Կարմիր գրքում որպես «կրիտիկական վիճակում գտնվող» և Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակում որպես «վտանգված» տեսակ։
Հիշեցնենք, որ 2019–ի դեկտեմբերին Խոսրովի անտառում տեղադրված տեսախցիկներից մեկը «որսացել էր» կովկասյան ընձառյուծ Նեոյին։ Տեսանյութում երևում էր, թե ինչպես է գիշատիչը որոշ ժամանակ կանգնում տեսախցիկի առաջ, հետո հեռանում։
Իսկ 2021-ի նոյեմբերին «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում տեսախցիկը ֆիքսել է կովկասյան ընձառյուծին իր 2 ձագուկների հետ:
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ընդգրկում է շուրջ 10000 հա պահպանվող տարածք և հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: