ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Տարբեր երկրներում գրեթե 300 մարդ է մահացել հազի անորակ օշարակի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
«Վերջին չորս ամիսների ընթացքում մի շարք երկրներ հայտնել են, որ երեխաների համար նախատեսված հազի օշարակներ են վաճառվում կասկածելի աղտոտվածությամբ ու առանց դեղատոմսի, դրանց մեջ բարձր է եղել դիէթիլեն գլիկոլի (DEG) և էթիլեն գլիկոլի (EG) պարունակությունը: Դեպքերը տեղի են ունեցել առնվազն յոթ երկրներում»,– ասված է հաղորդագրությունում։
ԱՀԿ-ն պարզաբանում է, որ մահացածների մեծ մասը մինչև հինգ տարեկան երեխաներ են։ Կազմակերպությունը տեղեկացրել է նաև, որ այդ նյութերը կարող են մահացու լինել նույնիսկ փոքր քանակությամբ ընդունելու դեպքում։
ԱՀԿ-ն կոչ է անում բժշկական ապրանքների մատակարարմամբ զբաղվող ընկերություններին անհապաղ և համակարգված գործողություններ ձեռնարկել այս դեպքերը կանխարգելելու համար։