ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հակաթուրքական ու հակաիսլամական ակցիաներից հետո ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Շվեդիան չպետք է Անկարայի աջակցությունը սպասի։ Տեղեկությունը կառավարության նիստից հետո հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ավելի վաղ Դանիայի «Կոշտ կուրս» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանը հրկիզելու ակցիա անցկացնելու թույլտվություն էր ստացել: Ակցիան տեղի է ունեցել շաբաթ օրը։ Թուրքիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ստոկհոլմում Ղուրանի այրումը վկայում է Եվրոպայում իսլամաֆոբիայի, ռասիզմի ու խտրականության մասին:
«Եթե դուք թույլ եք տալիս նման ակցիաներ անցկացնել, մեզանից ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում աջակցություն չեք ստանա։ Շվեդիայի ղեկավարությունը չպետք է մեր աջակցությանը սպասի», - ասել է Էրդողանը։
Մայիսի 18-ին Ուկրաինայի դեպքերի ֆոնին Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարին դաշինքին անդամացկելու հայտեր են փոխանցել։ Սկզբում Անկարան արգելափակել էր այս հայտերի ուսումնասիրումը, սակայն հունիսի 29-ին Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան անվտանգության ոլորտում եռակողմ հուշագիր են ստորագրել, որը հաշվի է առնում Անկարայի բոլոր մտավախությունները։
Թուրքիան հանել էր ՆԱՏՕ–ին այս երկու երկրների անդամակցության վերաբերյալ իր առարկությունները։ 2022–ի հոկտեմբերի 6-ի տվյալներով` 30 երկրից 28–ը (Թուրքիայից և Հունգարիայից բացի) արդեն իսկ դրական որոշում է կայացրել հարցի վերաբերյալ։