Պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ. Միրզոյանը` ԵՄ որոշման մասին

Արարատ Միրզոյան
ՀՀ արտգործնախարարն անդրադարձել է ԵՄ–ի այն որոշմանը, ըստ որի` Հայաստան քաղաքացիական առաքելություն կուղարկվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ պատրաստակամորեն կհամագործակցեն ԵՄ–ի կողմից Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական առաքելության հետ։ Միրզոյանը թվիթերյան իր էջում է նման գրառում արել` անդրադառնալով ԵՄ որոշմանը։
«Ողջունում ենք Հայաստան ամբողջական քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը։ Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք դրա գործունեությանը»,–գրել է նա։
Նախարարի խոսքով` առաքելությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության ու անվտանգության ամրապնդմանը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրամիության խորհուրդը որոշել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն հիմնել` անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում:
Հիշեցնենք, որ ԵՄ առաջին դիտորդական առաքելությունը Հայաստան է ժամանել 2022-ի հոկտեմբերի 19-ին և մնացել մինչև դեկտեմբերի 19-ը։ Այժմ Հայաստանում է գտնվում ԵՄ տեխնիկական գնահատման խումբը։ Նրանք Հայաստան են գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար: