Միրզոյանը Եվրոպական խորհրդարանում ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:
Sputnik
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի հետ, հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները: Ընդգծվել է, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտումների ենթարկել Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչությանը:
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի հետ
Նախարարը շեշտել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշման ավելացման անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխարգելելու նպատակով:
Այս համատեքստում ԱԳ նախարարը կարևորել է հունվարի 18-19-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունված՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հրատապ բանաձևում և «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույցում» արտահայտված սկզբունքային դիրքորոշումները, որոնք օբյեկտիվորեն արտացոլում են տարածաշրջանում ստեղծված իրադրությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի հետ
Արարատ Միրզոյանը և Դեյվիդ Մքալիսթերն անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի և դրա ընդլայնման հեռանկարներին։ Բարձր է գնահատվել նաև դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ մշտադիտարկման առաքելության աշխատանքը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։