Կարմիր խաչի միջնորդությամբ ևս 4 հիվանդ է տեղափոխվել Հայաստան

Պացիենտների հետ ՀՀ են տեղափոխվել նաև նրանց ուղեկցողները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից ևս 4 հիվանդ տեղափոխվել է Հայաստան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Մեր մեքենաները 4 հիվանդ են տեղափոխել Հայաստան` հետագա բուժման համար։ Նրանց հետ եկել են նաև վերջիններիս ուղեկցող անձինք»,– ասաց Ամատունին։
Նշենք, որ դեկտեմբերի 12-ից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 46 հիվանդ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։