Հրդեհից մահացած 15 զինվորների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ զինծառայողների դիերը փոխանցվել են ծնողներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը հունվարի 22–ին ավարտվել է, զինվորների դիերը փոխանցվել են ծնողներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Քննչական գործողությունները շարունակվում են։ Համակողմանիորն հարցաքննվել են շուրջ 2 տասնյակ մարդ։ Այս պահին որևէ մեկը կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի»,–ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։