ՀՀ ԱԽ քարտուղարը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Լաչինի միջանցքի թեման

Արմեն Գրիգորյանն ընդունել է Տոյվո Կլաարին
Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և քննարկել Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը: Գրիգորյանը հանդիպման մասին գրառում է արել ֆեյսբուքյան էջում։
«Կարևորել եմ միջազգային գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացումը` միտված Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելուն և արցախահայության էթնիկ զտումը կանխելուն»,– գրել է նա:
Ըստ Գրիգորյանի` հանդիպմանը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:
Գրիգորյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները
Տոյվո Կլաարն այսօր հայտնել էր, որ վերադառնում է Հայաստան հանդիպումներ ունենալու` ընդգծելով, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է և պետք է շտապ լուծումներ գտնել։ Կլաարը նշել է նաև, որ ԵՄ-ի նպատակը հայ-ադրբեջանական խնդրի համապարփակ կարգավորումն է։ ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաև հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որին իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջնացքի հարցի վերաբերյալ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։ Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։