Գլխավոր դատախազը Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիր է ներկայացրել

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը Ազգային ժողովի հեթական նիստի ժամանակ (2 մարտի, 2022թ). Երևան
Դատախազությունը վստահեցնում է, որ Արմեն Չարչյանը 2017 թվականին կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության կեղծ եզրակացություն է ստորագրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Տեղեկությունը հրապարակվել է դատախազության կայքում։
Միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
«Ա.Չ.-ն, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրգործով որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա.Ս.-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017-ի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը»,–ասված է դատախազության հաղորդագրության մեջ։
ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:
Նշենք, որ Աննա Վարդապետյանը նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
Հիշեցնենք, որ Չարչյանն անցնում է մեկ այլ քրգործով. նա մեղադրվում է ընտրողներին ուղղորդելու մեջ: Նրա դեմ հարուցված քրգործով նիստերը շարունակվում են։
Հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել Չարչյանին։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։