ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Բացի հոլանդական ՊՍՎ Էյնդհովենից, ևս երկու եվրոպական ակումբ հետաքրքրված են Հայաստանի հավաքականի և ռուսական Կրասնոդարի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով: Այս մասին գրում է «ՌԲ Սպորտը»։
Սպերցյանին ձեռք բերելու ցանկություն ունեն նաև իտալական «Լացիոն» և իսպանական «Վիլյառեալը»։ Բայց ավելի մեծ հետաքրքրություն կիսապաշտպանի նկատմամբ ունի «Էյնդհովենը»:
Հոլանդական ակումբը Սպերցյանի ներկայացուցիչների հետ կապ է պահպանում նախորդ տարվա նոյեմբերից։
Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը Կրասնոդարի կազմում անցկացրել է 21 հանդիպում ՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ 2022 թ.–ին Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։