Արևմուտքի ճնշումն անտեսելու նուրբ արվեստը. Ադրբեջանը յուրացնում է Թուրքիայի դասերը

Լաչինի միջանցք. Արխիվային լուսանկար
Եկեք անկեղծ լինենք։ Բավական արդյունավետ քաղաքականություն է ընտրել Ադրբեջանը Լաչինի միջանցքի արգելափակման հարցում արտաքին ճնշումներին դիմակայելու համար։
Sputnik
Հենց որ ասում են՝ բացե՛ք ճանապարհը, անմիջապես հետևում է պատասխանը՝ միջանցքը միշտ էլ բաց է եղել, միայն վերջին շաբաթներին 800 մեքենա է անցել այդ ճանապարհով։ Ասում են՝ գազն եք կտրել, հակադարձում են, վերանորոգում ենք, երբ հնարավոր է լինում, անմիջապես տալիս ենք։ Ասում են՝ բայց չէ՞ որ էլեկտրականությունն էլ եք անջատել, պատասխանում են՝ Ստեփանակերտում էլեկտրականություն կա՝ հովհարային անջատումերով։ Է, ձեզ մոտ էլ՝ Եվրոպայում էլեկտրականության խնայողության խիստ ռեժիմ է հաստատված։ Այսինքն` ամեն ինչի պատասխանը պատրաստ է։
Կարելի է միայն ենթադրել, որ Բաքվի այս կեցվածքի հիմքը մեծ եղբորից ստացած դասերն են, քանզի, ինչպես էլ վերաբերվեք Թուրքիային, դժվար թե ժխտեք, որ այդ երկրի դիվանագիտությունը միշտ էլ արդյունավետ է եղել։ Ու չի բացառվում, որ հենց Անկարան է Բաքվին խորհուրդ տվել՝ ղարաբաղցիներից վերջնականապես ազատվելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչ արձագանք կարող է տալ միջազգային հանրությունը և մասնավորապես Եվրոպան, որը հիմա փորձում է էապես ակտիվացնել իր դերակատարությունը Հարավային Կովկասում։
Իսկ դրա համար անհրաժեշտ է հնարավորինս ապակողմնորոշել եվրոպացիներին, որպեսզի ընդհանրապես ոչինչ չհասկանան՝ կա՞ Արցախի շրջափակում, թե՞ հայերի հորինածն է, Ադրբեջանը իրո՞ք գրավել է Հայաստանի տարածքը, թե՞ մինչև սահմանների ճշգրտումը ամեն ինչ վիճահարույց է, Հայաստանը իրո՞ք ականներ է տեղափոխում Արցախ, թե՞ Ադրբեջանը ցուցադրում է բոլորին այն ականները, որոնք հենց ինքն է հանել իր կողմից օկուպացված շրջաններից։
Եվրոպացիները իրենց համար անհասկանալի որոշ հարցեր պարզելու համար դիտորդական առաքելություններ են ուղարկում։ Առաջինը եկավ անցած տարվա վերջին, հայ-ադրբեջանական սահմանն ուսումնասիրեց մի քանի շաբաթ ու հեռացավ։ Եթե որևէ մեկը ինձ բացատրի, թե գոնե մոտավորապես, գոնե ընդհանուր գծերով ինչպիսին է այդ առաքելության եզրակացությունը, անչափ շնորհակալ կլինեմ։ Միգուցե ընդհանրապես որևէ եզրակացության չեն հանգել, և հենց այդ պատճառով է Եվրամիությունը պատրաստվում մի նոր դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Ադրբեջանը արդեն բողոքել է, բայց կարելի է շատ մեծ հավանականությամբ ենթադրել, որ Բաքուն և Անկարան ներքուստ լավ էլ բավարարված են՝ կան սուր հայտարարություններ, որոնք կարելի է շատ հանգիստ արհամարհել։Էական ճնշում, մեկուսացման փորձեր, պատժամիջոցներ չկան։ Ուրեմն կարելի է շարունակել։
Ու կրկին հասկանում ես՝ միգուցե Ադրբեջանը այդքան համարձակություն չունենար, եթե չլիներ Թուրքիան, որը կարծես անընդհատ գոտեպնդում է ադրբեջանցիներին՝ տեսե՛ք, թե ինչպես եմ ես անտեսում թե՛ ամերիկացիների, թե՛ եվրոպական ամենամեծ տերությունների՝ Գերմանիայի և Ֆրանսիայի կարծիքը և համառորեն թույլ չեմ տալիս, որ Շվեդիան ու Ֆինլանդիան մտնեն ՆԱՏՕ։ Կարելի է կանխատեսել, որ անցած շաբաթավերջին տեղի ունեցած իրադարձություններից հետո Անկարայի դիրքորոշումն այս հարցում ավելի է կարծրանալու։ Իսկ այն, որ Շվեդիայում շաբաթ օրը կատարվածն ուղղված էր Թուրքիայի դեմ, ապացուցում է թեկուզ այն փաստը, որ ծայրահեղական գործիչներից մեկը Ղուրանն այրեց, ոչ թե, ասենք, Ստոկհոլմի կենտրոնական հրապարակում, այլ հենց Թուրքիայի դեսպանատան առջև։
Թույլ տվեք մի փոքր շեղվել, որովհետև էստեղ շատ հետաքրքիր ու վիճահարույց մի պահ կա։ Դժվար թե որևէ մեկն առարկի, որ ցուցադրաբար գիրք այրելը, մանավանդ, եթե աշխարհի բնակչության մի զգալի մասը այդ գիրքը սրբություն է համարում, պարզապես անընդունելի է։ Եվ թուրքերն արդարացիորեն հարց են ուղղում Շվեդիայի իշխանություններին՝ բա եթե նախօրոք գիտեիք, որ այդ ծայրահեղական գործիչն անընդունելի բան է անելու, ինչո՞ւ արտոնեցիք նրա հանրահավաքը։ Պատասխանը մոտավորապես այսպիսին է՝ այո՛, շատ վատ բան է տեղի ունեցել, մենք խստորեն դատապարտում ենք, բայց ախր որևէ օրենքում որևէ դրույթ չկա, որը թույլ կտար մեզ արգելել այդ հավաքը։ Այսինքն` Շվեդիայի իշխանությունները փաստորեն վկայակոչում են հանրահայտ պնդումը՝ այն ամենը, ինչը արգելված չի օրենքով, թույլատրելի է։
Դե եթե այդպես է, էլ ինչո՞ւ ենք զարմանում ու զայրանում, որ Ադրբեջանն էլ ղեկավարվում է նման մի կարգախոսով՝ այն ամենը, ինչին շատ կոշտ ու վճռական ձևով չի հակադարձում միջազգային հանրությունը, փաստորեն թույլատրելի է։
Ադրբեջանը դեմ էր ԵԽԽՎ–ում Լաչինի հարցի քննարկմանը. Ռուբինյանը մանրամասներ է հայտնում