ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման խնդրով պայմանավորված հումանիտար ծանրագույն իրավիճակը ազդել է նաև առողջապահական համակարգի բնականոն գործունեության վրա։ Առողջապահական կազմակերպությունների և հիվանդանոցների 70%-ը, որոնք ջեռուցվում են գազի կիրառմամբ, կանգնած են ջեռուցման լրջագույն խնդիրների առաջ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը զեկույց է հրապարակել` թվարկելով ադրբեջանցիների գործողությունների հետևանքները։
«Արցախի բուժհաստատություններում այս պահի դրությամբ ստացիոնար բուժօգնություն է ստանում 156 հիվանդ, այդ թվում` 45 երեխա»,–հայտնում է Ստեփանյանը։
Նա նշում է, որ Ադրբեջանի կողմից գազամատակարարման դիտավորյալ խափանումները բնակչությանը զրկում են գազով ջեռուցման և տաք ջրի հնարավորություններից: Իսկ Հայաստանից դեպի Արցախ գնացող բարձրավոլտ լարերի վնասման և դրանց վերականգնման աշխատանքներն Ադրբեջանի կողմից արգելափակելու հետևանքով հունվարի 9-ից շարունակում է դադարեցված մնալ նաև էլեկտրականության ներմուծումը։
Տնտեսական գործունեություն ծավալող հարյուրավոր ձեռնարկություններ ևս մեծ կորուստներ են ունենում գազամատակարարման խափանումների հետևանքով։ Արցախի ՄԻՊ–ը նշում է, որ գազամատակարարման խափանումների և էլեկտրաէներգիայի սահմանափակ հնարավորության պայմաններում, տների ջեռուցման և այլ կենսական պայմանների ապահովման համար նկատվում է բնակչության կողմից փայտանյութի օգտագործման ծավալների մեծացում, ինչը նշանակում է, որ առանց այն էլ սահմանափակ անտառային ֆոնդը լուրջ կորուստներ է ունենալու։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։ Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։