ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հայաստանը պատրաստ է խորացնելու Իրանի հետ հարաբերությունները առողջապահության ոլորտում, մասնավորապես` ուռուցքաբանության և օրգանների փոխպատվաստման ոլորտներում` հաշվի առնելով Իրանի հաջողված փորձը։ Ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլլահիի հետ հանդիպման ժամանակ, որն անցկացվել է «Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համաժողովի» շրջանակներում ։ Տեղեկությունը հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։
Անահիտ Ավանեսյանն Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլլահիի հետ հանդիպման ժամանակ
Ավանեսյանն ընդգծել է նաև դեղագործության ոլորտում գործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ գործուն քայլերի կարևորությունը։
«Հայաստանը կարող է հարթակ դառնալ Իրանի դեղագործների համար` իրենց դեղարտադրողների ցուցահանդեսը կազմակերպելու համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել դեղագործության, դեղարտադրության, ինչպես նաև դեղերի գրանցման ոլորտում հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Բահրամ Էյնոլլահին նշել է, որ քաջատեղյակ է Հայաստանի բոլոր խնդիրներին և մարտահրավերներին։ Նա իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու հայ ժողովրդին։