Ուզում եմ մաղթել և հրամայել, որ ձեր ձեռքը կաշառքի չկպչի. Փաշինյանը` Տավուշի պարեկներին

Նիկոլ Փաշինյանը Տավուշ է այցելել և ներկա գտնվել պարեկային ստորաբաժանումների աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառումներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Տավուշի մարզում այսօրվանից պարեկային ծառայության անցնողներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել և հրամայել է կաշառք չվերցնել։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան էջից։
«Ուզում եմ մաղթել, ցանկանալ, հանձնարարել և հրամայել, որ ձեր ձեռքը կաշառքի չկպչի։ Սա շատ կարևոր է, որովհետև կոռուպցիան ավերում է երկիրը, կոռուպցիան երկիրը զրկում է ապագայից, և դուք սա պետք է իմանաք»,–պարեկային ծառայության մեկնարկի առիթով Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ ասել է նա։
Վարչապետը վստահեցրել է, որ ոստիկանության համակարգում պարեկային ծառայողներն ամենաբարձր վարձատրվողներից են։
Պարեկներին կաշառք առաջարկելու դեպքերով դատավճիռներն են կայացվել. ՀՀ դատախազություն
Նա պարեկներին ասել է, որ որևէ մեկին կարգի հրավիրելով` նրան վատություն չեն անում, այլ հակառակը`լավություն են անում ինչպես նրան, այնպես էլ հանրության մյուս անդամներին, որոնց իրավունքների և անվտանգության ապահովումը ներքին առումով նրանց առաջնահերթ պարտականությունն է։
Փաշինյանը հավելել է, որ շուտով արդեն կունենանք ոստիկանության գվարդիա, քրեական ոստիկանություն, հասարակական կարգի պահպանության գլխավոր վարչություն և պարեկային ծառայություն։
Սրանք կլինեն այն սյուները, որոնց վրա հենված կլինի իրավակարգը:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետն այցելել էր նաև Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզեր, որոնցում նույնպես տրվել է պարեկային ծառայության մեկնարկը։