Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը մեծ տեմպերով առաջ է գնում. Զոհուրի

ՀՀ–ում Իրանի դեսպանը հայտնել է, որ էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման հետ կապված խնդիրները վերացել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Սյունիքի Նորավան համանքում Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքներին են հետևել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ–ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ–ը։
Նախարարն ու Իրանի դեսպանը հունվարի 20-ին այցելել են Սյունիքի մարզ։
ՏԿԵՆ–ը տեղեկացնում է, որ ենթակայանի շինարարական աշխատանքներն իրականացնում է իրանական ընկերություն։ Նախկինում աշխատանքների տեմպի հետ խնդիրներ կային, սակայն դեսպանը հավաստիացրել է, որ խնդիրները վերացել են, և աշխատանքները բավականին արագ առաջ են գնում։
«Երրորդ բարձրավոլտ գծի հետ կապված, ցավոք սրտի, պետք է ասեմ, որ խնդիրներ են եղել, նախկինում աշխատանքը բավականին ձգձգվել է: Բայց այսօր աշխատանքները շատ ավելի լավ ու արագ տեմպերով առաջ են գնում։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում արդեն կշահագործվի էլեկտրահաղորդման գիծը»,-ասել է դեսպանը։
Շրջայցից հետո Սիսիանում ընդլայնված կազմով, իրանական տարբեր ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, անցկացվել է ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերին նվիրված համաժողով։
Սանոսյանն ընդգծել է, որ Հայաստանում մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են իրականացվում, և Հայաստանը այս առումով Իրանի հետ համագործակցության լավ հնարավորություն է տեսնում։
Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է. ԻԻՀ դեսպան
«Այս հանդիպման գլխավոր ուղերձն այն է, որ իրանական գործընկերների, շինարարական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրենք ՀՀ–ում ծավալվող շինարարական աշխատանքներին և հրավիրենք, որ մասնակիցը դառնան դրանց: Բայց հասկանում ենք, որ իրանական գործընկերների համար ամենահեշտը կլինի Սյունիքում աշխատել՝ նաև աշխարհագրական առումով։ Հայաստանը պատրաստ է աջակցելու, որ իրանական ընկերությունները կարողանան հեշտությամբ ներգրավվել ու աշխատել ՀՀ տնտեսության մեջ»,–ասել է Սանոսյանը։
Հիշեցնենք, որ Սանոսյանը երեկ Սյունիքում լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Սյունիքի մարզի Շամբ–Լծեն և Տաթև–Լծեն ավտոճանապարհներին` ասելով, որ դրանք մեծամասամբ ասֆալտապատված են։