ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզում` ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողների մոտ այսօր թեթև դրական դինամիկա կա։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը:
«Վերակենդանացման բաժանմունքում գտնվող 2 զինծառայողների մոտ թեթև դրական դինամիկա կա` այտուցները նվազել են։ Տղաներից մեկը շնչում է արհեստական շնչառական սարքի օգնությամբ։ Ամեն դեպքում, նրանց կյանքին դեռ վտանգ է սպառնում, լարվածությունը կա»,–ասաց տիկին Բաբայանը։
Նա հավելեց, որ զինծառայողներից մեկը հիվանդասենյակում է, նրա վիճակը համեմատաբար լավ է։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։