Վարդապետյանը Սեյրան Օհանյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու 3 միջնորդագիր է ներկայացրել

ՀՀ դատախազությունը հայտնում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ համաձայնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին`Ազգային ժողովի որոշման նախագիծը:
«Առաջին քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում (երկու դրվագ)։ Անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով էլ նա իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (երկու դրվագ)»,– ասված է հաղորդագրությունում։
Երկրորդ քրեական վարույթով ձեռք բերված տվյալներով էլ ՀՀ ՊՆ նախկին ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։ Նշվում է նաև, որ Օհանյանը չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:
Բարոյական կլինի, որ ինձ տեղեկացնեն. Օհանյանը` անձեռնմխելիությունից զրկվելու մասին
Երրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:
ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: