ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հունվարի 28-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի կացարանում գտնվող զինվորների համար անակնալ էր սպասվում։ Նրանք պետք է նամակներով ու կոնֆետներով լի ծանրոց ստանային Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներից։ Հասցեատերերն արդեն չկան, իսկ ծանրոցը դեռ ճանապարհին է։
Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտների պատրաստած ծանրոցը Հայկի ու նրա ընկերների համար
© Sputnik
Դասարանի դասղեկ Քրիստինե Ասրիյանը դեպքից մեկ օր առաջ էր այն փոստով ուղարկել Գեղարքունիքի մարզ` այն զորամաս, որտեղ ծառայում էր Հայկ Կիրակոսյանը։
«Քանի որ դասարանի տղաներից մեկի ավագ եղբայրը` Կիրակոսյան Հայկը, այս պահին ծառայության մեջ էր, որոշեցինք հենց այդ զորամաս ուղարկել ծանրոցը։ Զանգեցի մայրիկին, որ տվյալները ճշտեմ` նա հուզվել էր, շնորհակալություն էր հայտնում ուշադրության համար։ Իսկ Հայրապետը (Հայկ Կիրակոսյանի եղբայրը,–խմբ.) ամեն օր հարցնում էր` մինչև տոնը կհասնի՞։ Ասում էի` այո՛, իհա՛րկե։ Ո՞վ կմտածեր, որ այսպիսի բան կլինի»,– պատմեց Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Քրիստինե Ասրիյանը։
Ժամկետային զինծառայող Հայկ Կիրակոսյանը Մեծամոր քաղաքից էր։ Նա այն 15 զինծառայողներից մեկն էր, որոնք հունվարի 19–ին մահացան Գեղարքունիքի մարզի զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով։
Դպրոցի ուսուցիչները նրան բնութագրում են որպես համեստ, զուսպ, լուրջ, հավաքված, մեղմ բնավորությամբ յուրահատուկ բարի տղա։
«Հայկը երբեք թույլ չէր տա, որ իր վրա խոսեն, շատ հավաք տղա էր ու կարելի է ասել` հերոս էր իր փոքր քրոջ ու եղբոր համար։ Ես բոլորին դաս եմ տվել, գիտեմ. նրանք պարզապես ապրում էին իրենց մեծ եղբորով, իրենց թևութիկունքն էր»,– պատմեց Հայկի եղբոր` Հայրապետի դասղեկը։
Հայրապետը դպրոցում է եղել, երբ իմացել են դեպքի մասին։ Դասարանում բոլորը հոգ են տարել, որ նա մինչև տուն գնալը չիմանա եղբոր հետ տեղի ունեցածի մասին։
Հայկի 20 տարին դեռ չէր լրացել. ծառայության կեսն արդեն ավել էր, տուն պետք է վերադառնար։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։