Ռուս գիտնականները նավ են մշակել արտակարգ պատահարի դեպքում տիեզերագնացներին փրկելու համար

Լուսինն ու Երկիրը
Իմաստն այն է, որ փրկարարական առաքելության ընթացքում արագացնեն թռիչքը դեպի աղետի ենթարկված տիեզերագնացներ և երաշխավորված պաշտպանություն ապահովեն արևային բռնկումներից և Երկրի ճառագայթային գոտիներից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Ռուս ինժեներները փրկարար նավ են արտոնագրել, որը կարող է դեպի Լուսին կամ արեգակնային համակարգի այլ օբյեկտ թռիչքի ժամանակ արտակարգ իրավիճակների դեպքում վերցնել տիեզերագնացներին: Նոր մշակման մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոսպատենտին։
«Գյուտը վերաբերում է կցման և տիեզերական ճառագայթումից (արևային բռնկումներ, երկրի ճառագայթային գոտիների մասնիկներ) նավակայանի պաշտպանության միջոցներին, ինչպես նաև երկնաքարերից և տիեզերական բեկորներից վտանգը նվազեցնելուն։ Առաջարկվող ուղեծրային փրկարար նավը (ОК-С) բազմակի օգտագործման մարդատար տրանսպորտային միջոց է, որն կիրառվում է անձնակազմի փրկության համար դեպի Լուսին և, հնարավոր է` արեգակնային համակարգի այլ տարածքներ թռիչքի ժամանակ»,- ասված է փաստաթղթում:
Նավը, ըստ մշակողների մտահղացման, բաղկացած կլինի գնդաձև ճառագայթային ապաստարանից, որին երկու կողմից կկցվեն արագացնող բլոկները։ Դրանք նախատեսվում է տեղադրել այնպես, որ բլոկների շարժիչները հակառակ ուղղությամբ նայեն։ Բուն արագացուցիչները նախատեսվում է պատրաստել, հիմնվելով արդեն գոյություն ունեցող «Բրիզ-Մ» արագացման բլոկների վրա:
Ներկայացված սխեմայից հետևում է, որ ապաստարանը ուղեծիր դուրս կգա «Անգարա-Ա5» հրթիռով, իսկ արագացնող բլոկները հնարավոր կլինի դուրս բերել «Պրոտոն-Մ»-ով (այս հրթիռի հետ միասին «Բրիզ-Մ»-ը սովորաբար օգտագործվում է արբանյակները ուղեծիր դուրս բերելու համար): Փրկարար նավի հավաքումը տեղի կունենա արդեն մերձերկրային ուղեծրում, ինչից հետո նավը կուղևորվի դեպի Լուսին։
Փրկությունից հետո տիեզերագնացները ապաստարանով կվերադառնան Երկրի ուղեծիր, այնտեղ կտեղափոխվեն «Սոյուզ» նավ և արդեն դրանով կիջնեն Երկիր։