ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ծխախոտային և ալկոհոլային որոշ ապրանքներ ՀՀ-ում շուտով նոր սերնդի նույնականացման միջոցներով կդրոշմավորվեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Առաջիկայում կընդունվեն ՀՀ կառավարության որոշումներ, որոնցով կսահմանվի, որ ծխախոտային ու ալկոհոլային արտադրանքը Հայաստանի Հանրապետությունում ենթակա են Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով դրոշմավորման։
Այդ և բազմաթիվ այլ ապրանքատեսակներ Հայաստանում արդեն իսկ դրոշմավորվում են, սակայն նոր սերնդի դրոշմապիտակները կներառեն ավելի մանրամասն տեղեկատվություն։ Դրանք ներկայացված կլինեն QR կոդերի միջոցով, որոնք սպառողները կկարողանան սկանավորել հեռախոսի միջոցով և տեսնել ապրանքի արտադրողին, արտադրության ամսաթիվը և այլ տեղեկություններ։ Սա լրացուցիչ պաշտպանության միջոց կդառնա կեղծ ապրանքների դեմ։ Առևտրի սուբյեկտն էլ պետք է վաճառքի պահին սկանավորի տվյալ տուփը կամ շիշը իր QR-ընթերցող սարքով։ Դրանից հետո այդ տեղեկատվությունը ավտոմատ կուղարկվի ՊԵԿ էլեկտրոնային համակարգին։
Ի տարբերություն այսօրվա դրոշմապիտակների, որոնք արտացոլում են միայն ապրանքի տեսակը և գինը, հիմա ՊԵԿ–ը կտեսնի նաև արտադրողին, արտադրության ժամկետը և ապրանքախումբը։
Ծխախոտային արտադրանքի համար դրոշմավորումը պարտադիր կդառնա 2023թ․ մարտի 1-ից, իսկ ալկոհոլային արտադրանքի համար` ապրիլի 1-ից։
ՀՀ-ում ծխախոտի և ալկոհոլի դրոշմավորման նոր համակարգի փորձնական ներդրման ծրագիրը մեկնարկելու նպատակով ՀՀ կառավարությունը մարտի 10-ին ընդունել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր սահմանելու մասին որոշում, ըստ որի` ծրագրի լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, իսկ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր՝ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն։