ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Լոնդոնի «Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստուհի Ալեքս Սքոթը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ լուսանկարը փրկել է իր կյանքը 2018 թվականի աշխարհի առաջնության ժամանակ: Մարզուհու «Ինչպես (չ)լինել ուժեղ» հուշագրությունից հատվածներ է մեջբերում talkSPORT-ը։
Սքոթը, որը Ռուսաստանում անցկացվող մրցաշարի ժամանակ աշխատել է որպես BBC-ի փորձագետ, պատմել է, որ սպառնալիքներ է ստացել Մոսկվայում տաքսիով ուղևորության ժամանակ: «Նա (տաքսու վարորդը) նայեց ինձ և անգլերեն ասաց. «Ասա նրանց, որ քեզ այլևս չեն տեսնի»:
«Պուտինը։ Այդ առավոտ ես Պուտինի հետ էի։ «Դու չես կարող ինձ սպանել,-ասացի ես,-ես վաղը պետք է Պուտինի հետ հանդիպեմ»։ Նա սկսեց ծիծացել․ «Ոչ ոք չի հանդիպում Պուտինի հետ»։ Այդ ժամանակ ես սկսեցի փնտրել առավոտյան Կրեմլ այցելության լուսանկարները, որոնք հայտնվել էին թերթերում»,-գրել է Սքոթը։
Նախկին ֆուտբոլիստուհին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հրավիրյալներից մեկն է եղել։ Սքոթից բացի ՌԴ նախագահի հետ հանդիպել էին ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն, Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը, Գերմանիայի թիմի նախկին խաղացող Լոթար Մատթեուսը և այլոք։
Դրանից հետո տաքսիստը դադարեցրել է սպառնալիքները նախկին ֆուտբոլիստուհու հասցեին և նրան հետ է տարել հյուրանոց, իսկ երբ կինը դուրս էր գալիս մեքենայից, փորձել է համբուրել նրան։