Հրդեհի հետ առնչություն ունեցող բոլոր պաշտոնյաները պատասխանատվության կկանչվեն. զինդատախազ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքները
Հսկողություն իրականացնող դատախազին հանձնարարվել է պարզել հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման համար բոլոր պատասխանատու պաշտոնատար անձանց ողջ շրջանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր պաշտոնյաները պատասխանատվության կկանչվեն։ ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այս հայտարարությունն արեց Հանրային հեռուստաընկերության եթերում։
Զինդատախազը հայտնեց, որ քրեական վարույթի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազին հանձնարարական է տրվել հատուկ ուշադրություն դարձնել և պարզել հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման համար բոլոր պատասխանատու պաշտոնատար անձանց ողջ շրջանակը։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ նշված փաստով միանշանակ պատասխանատվության են կանչվելու դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր այն պաշտոնյաները, որոնք առնվազն թերացել կամ ոչ պատշաճ են իրականացրել օրենքով և կանոնադրությամբ իրենց վրա դրված պարտականությունները։ Նշանակություն չունեն ուսադիրները, չկան նաև հեղինակություններ, որոնք կարող են չենթարկվել պատասխանատվության»,– ասաց զինդատախազը։

Բացառվում է ԱԹՍ–ի տարբերակը. զինդատախազն ասել է` հրդեհի դեպքով ովքեր են հարցաքննվել
Ըստ նրա` համապատասխան դատախազները, Սևանի կայազորի զինվորական դատախազը, ռազմական ոստիկանության օպերատիվ մարմինները, քննչական մարմինները համագործակցված կերպով մեկնել են դեպքի վայր, և ամբողջ գիշեր աշխատանքներ են իրականացվել, արագ կերպով տեղեկություններ են հավաքվել։
«Մինչ այս պահն էլ տեղում աշխատում են իրավապահ մարմինները»,– ասաց Էլիզբարյանը։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Զինվորները փորձել են դուրս գալ կացարանից, բայց կրակը հենց մուտքի մոտ է եղել. մանրամասներ
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։