ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի հրաժարականի վերաբերյալ հարցը հիմա տեղին չէ, քանի դեռ հանգամանքները պարզված չեն։ Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը` անդրադառնալով Գեղարքունիքի զորամասերից մեկում ողբերգական դեպքի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցին։
Նշենք, որ Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի կացարանում գիշերը բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայող է մահացել, նաև տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ են ստացել 6 պարտադիր ժամկետային զինծառայող և 1 սպա։
ՔՊ–ական պատգամավորը նշեց` պաշտպանության նախարարը, իշխանությունն է քաղաքական պատասխանատուն երկրում տեղի ունեցած յուրաքանչյուր իրավիճակի համար։
«Բայց դա չի նշանակում, որ միանգամից պետք է փորձենք քավության նոխազներ գտնել և ամեն ինչ փաթաթել մեկ մարդու վզին», - ասաց Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` քաղաքական և քրեաիրավական պատասխանատվության մասին հնարավոր է խոսել այն դեպքում, երբ դեպքի մանրամասներն ամբողջությամբ պարզվել։
Հիշեցնենք` դեպքի մասին այսօր հայտնել էր ՀՀ ՊՆ–ն։
Նշվում էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։ Մահացածները ժամկետային զինծառայողներ են։
Դեպքի առնչությամբ արդեն պաշտոնանկություններ են եղել։