ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հրդեհված ինժեներասակրավորային վաշտում 15 զինվորի մահվան առնչությամբ պետք է կոնկրետ անհատական հետևանքներ լինեն։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ առավոտյան միջնորդություն է ներկայացրել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարին աշխատանքից ազատելու մասին։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ զբաղեցրած պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալը, թիկունքի պետ– կորպուսի հրամանատարի տեղակալը։
Բացի այդ, աշխատանքից ազատվել են նաև կորպուսի հրամանատարի տեղակալը մարտական հրամանատարության գծով, ինժեներական ծառայության պետ, ինժիներասակրավորային վաշտի հրամանատարն ու ԶՈւ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը։
«Նրանց զբաղեցրած պաշտոններն ինչ-որ կերպ առնչվում են խնդրին։ Բնականաբար, մինչև ավելի մանրամասն քրեաիրավական գնահատական կտրվի խնդրին, նրանց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ»,–ասաց Պապիկյանը։
Հիշեցնենք` դեպքի մասին այսօր հայտնել էր ՀՀ ՊՆ–ն։
Նշվում էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։
Դեպքի առնչությամբ պաշտոնանկություններ են եղել։