ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. ՀՀ արտաքին գործերին նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցի ընթացքում Նիդեռլանդների Թագավորության գործընկերոջը` Վոպկե Հուքստրային ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող մարտահրավերները և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ԼՂ վերադարձող երեխաների հետ կապված միջադեպին, Ադրբեջանի կողմից նրանց հանդեպ ցուցաբերած անթույլատրելի վարքագծին: Միրզոյանը կարևորել է Նիդեռլանդների կառավարության հասցեական հայտարարությունը Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։
Նա ընդգծել է նաև միջազգային հանրության կողմից գործուն քայլերի կարևորությունը` Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու փորձերը կանխելու նպատակով:
Խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները և այժմ սպասում է արձագանքի:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Հունվարի 18-ին Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։