ՌԱԴԻՈ

Իշխանությունը մեղավորներ է փնտրում. փորձագետը` հրդեհից հետո կորպուսի «գլխատման» մասին

Ռազմական փորձագետի կարծիքով` անկախ բանակային կորպուսի հրամանատարության մեղքի աստիճանից` ամբողջ ղեկավարությանը մեկ օրում հեռացնելը վտանգավոր քայլ է սահմանային անվտանգության տեսանկյունից։
Sputnik
Ողբերգական հրդեհի պատճառով բանակային կորպուսի ողջ հրամանատարությանը պաշտոնաթող անելու որոշումը անօգնականության և որոշակի շփոթության նշան է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը։
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում 15 զինվորականի կյանք խլած հրդեհից հետո մի շարք բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու շտաբի պետը, հեռացվել են պաշտոններից։
Չբացառելով կատարվածում բարձր հրամանատարության պատասխանատվությունը՝ Ներսիսյանը միևնույն ժամանակ բավականին վիճահարույց և վտանգավոր է համարում ամբողջ կորպուսին մեկ օրում «գլխատելու» որոշումը՝ հաշվի առնելով, որ այն պահպանում է Ադրբեջանի հետ սահմանի բավականին մեծ և պայթունավտանգ հատվածը։
Փորձագետը բանակային կորպուսի կադրային ջարդը ռիսկային է համարում սահմանային անվտանգության և կայունության տեսանկյունից։

«Մենք ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանում պատասխանատվության ինստիտուտ չկա։ Ընդ որում` վերը նշվածը վերաբերում է ոչ միայն բանակին, այլ առանց բացառության բոլոր պետական կառույցներին։ Չկա նաև օբյեկտիվ, բազմակողմանի քննության պրակտիկա, ամենուր տեսնում ենք անմեղության կանխավարկածի խախտումներ։ Կատարված ողբերգության մեջ, իհարկե, կորպուսի հրամանատարությունն ունի պատասխանատվության իր բաժինը։ Բայց արդյոք իսկապե՞ս մեղավոր է կատարվածի համար։ Եթե միայն հեռացնում են պաշտոններից, ուրեմն պատասխանատվությունը մասնակի է, կիսատ»,- ասաց Ներսիսյանը։

Խնդիրները խորքային են, կուտակվել են տարիների ընթացքում, և վստահություն չկա, որ հերթական ողբերգություն այլ տեղ չի լինի։ Մեր զրուցակիցը գրեթե վստահ է, որ հայ զինվորների կյանքի ծանր, անմխիթար պայմանների մասին գիտեին ու գիտեն ոչ միայն կորպուսի հրամանատարները, այլև գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը։
Նման անմարդկային պայմաններում զինվորները ո՛չ երեկ են սկսել ծառայել, ո՛չ էլ այսօր։ Տեղի ունեցածը նաև հետևանքն է այն բանի, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի հասկանում, թե ինչ մոդելով զարգացնի զինված ուժերը, ինչպես ավելի լավ և արդյունավետ կահավորի առաջնագիծը, ինչպես կարգավորի զինվորականների կենցաղային խնդիրները։
«Եթե անցյալ տարվա սեպտեմբերյան իրադարձություններից հետո, երբ երկօրյա մարտերի ընթացքում մենք ունեցանք ավելի քան 200 զոհ, և ոչ ոք պատասխանատվություն չկրեց նման ծանր կորուստների համար, եթե մինչ օրս եզրակացություններ չեն արվել, ապա ես կասկածում եմ, որ այս ողբերգությունից հետո կարվեն որոշակի հետևություններ»,- ասաց Ներսիսյանը։
Փորձագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ստորաբաժանմանը հանձնված գյուղական տունը նույնիսկ կահավորված չի եղել։ Այդ մասին են վկայում առնվազն պատուհանների ճաղերը։ Եթե այդ վանդակաճաղերը ապամոնտաժվեին ու հանվեին, ապա զինվորները վթարային ելք կունենային, և, անշուշտ, հնարավոր կլիներ խուսափել զոհերի նման քանակից։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Զինվորները փորձել են դուրս գալ կացարանից, բայց կրակը հենց մուտքի մոտ է եղել. մանրամասներ