ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Ուժային կառույցներում ու քաղաքացիական ենթակառուցվածքներում անվիճարկելիորեն և խստագույնս պետք է պահպանվեն անվտանգության բոլոր կանոններն պատահարներն ի սպառ բացառելու համար: Հրդեհված ինժեներասակրավորային վաշտում 15 զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ իր ցավակցական ուղերձում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Ցավակցություններս եմ հղում և վշտակցում մահացած զինծառայողների ծնողներին ու հարազատներին, վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին է»,–ասված է նախագահի ուղերձում։
Հիշեցնենք` դեպքի մասին այսօր հայտնել էր ՀՀ ՊՆ–ն։
Նշվում էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։ Մահացածները ժամկետային զինծառայողներ են։
Դեպքի առնչությամբ արդեն պաշտոնանկություններ են եղել։