ՀՀ ԱԽ քարտուղարը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է ԼՂ–ում ստեղծված իրավիճակը

Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյանը կարևորել է իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված միջազգային ջանքերի գործադրման հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսով զրուցել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ և ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
«ԱԽ քարտուղարն ընդգծել է ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված միջազգային ջանքերի գործադրման կարևորությունը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Կողմերը կարևորել են երկկողմ շարունակական խորհրդակցությունների անցկացումը տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու նպատակով:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը, որը վերականգնվեց դեկտեմբերի 16–ի առավոտյան։
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր անց վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
Հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։