ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի մոտ գտնվող ինժեներասակրավորական վաշտում բռնկված հրդեհը մարելու համար հրշեջ–փրկարարներից ավելի քան 5 ժամ է պահանջվել։
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին: Այրվել է շինությունը (մոտ 104 քմ)»,–հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հունվարի 19-ին` ժամը 01:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում այրվում է շինություն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբեր և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Շինությունից դուրս է բերվել 15 դի, 3 անձ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ։
Հիշեցնենք` դեպքի մասին այսօր հայտնել էր նաև ՀՀ ՊՆ–ն։
Նշվում էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։