Գարեգին Բ–ն իր ցավակցությունն է հայտնել հրդեհի հետևանքով զոհված զինվորների ընտանիքներին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ. Արխիվային լուսանկար
Կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավոր զինծառայողներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն իր ցավակցական խոսքն է հղել այսօր զոհված զինծառայողների ընտանիքներին։
«Մեր ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հայցում սուրբ հոգու մխիթարությունն ու զորակցությունը նրանց վշտացյալ սրտերին։ Աղոթում ենք առ Աստված, որ բարեգութ տերը երկնքի լուսեղեն օթևաններում հանգստության մեջ ընդունի հոգիները մեր զոհված զավակների»,–ասված է Գարեգին Բ–ի ուղերձում։
Նա շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավոր զինծառայողներին։
Միաժամանակ, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը նույնպես իր ցավակցությունն է հայտնել, տեղեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Գեղարքունիքի մարզի զորամասի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին, մերձավորներին և ծառայակիցներին: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` դեպքի մասին այսօր հայտնել էր ՀՀ ՊՆ–ն։
Նշվում էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։ Մահացածները ժամկետային զինծառայողներ են։
Դեպքի առնչությամբ արդեն պաշտոնանկություններ են եղել։