Ցանկացել է խփել, հարվածը տեղ չի հասել. Միրզոյանի գործով կալանավորվածը ցուցմունք է տվել

«Ժողովուրդ» օրաթերթը շեշտում է, որ Արարատ Միրզոյանին իրականում հարվածած ոչ մի անձ դեռ չի հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար, 2020–ի նոյեմբերին դեռ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով կալանավորված անձը ԱԱԾ–ում ասել է, որ ցանկացել է հարվածել Միրզոյանին, սակայն կարծում է, որ իր հարվածը Արարատ Միրզոյանին չի հասել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշվում է, որ նախաքննության շահերից ելնելով՝ Ա.Բ-ի անուն-ազգանունը ամբողջությամբ չի ներկայացվում, հայտնի է սակայն , որ նա Երևան քաղաքի բնակիչ է, ամուսնացած է և ունի երեխաներ:
«Ժողովուրդը» հիշեցնում է, որ Արարատ Միրզոյանին իրականում հարվածած ոչ մի անձ դեռ չի հայտնաբերվել։

«Ում հայտնաբերում են իրավապահները, ավելի ուշ պարզվում է, որ նա չի հարվածել Միրզոյանին»,– ասվում է հոդվածում։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ Ա.Բ-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին տեղեկանալով, որ Երևանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի, դրանց ներսում ևՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ կատարվում են զանգվածային անկարգություններ, միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին։
Ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին և ոտքով հարվածել է նրան՝ այդկերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:
Ա.Բ-ի և զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության հետևանքով Արարատ Միրզոյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, վերջինս կորցրել է գիտակցությունը, վնասվել է նրա աչքը, և նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հիշեցնենք նաև, որ ըստ ԱԱԾ–ի` 2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների միջև ստորագրված արցախյան երկրորդ պատերազմի հրադադար հաստատելու մասին հայտարարության հրապարակումից հետո ԱԺ–ում, կառավարության շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպվել և իրականացվել են զանգվածային անկարգություններ։ Դրանք ուղեկցվել են բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրությամբ: